Վերանայելով Մեծամորը
Մեծամորը Հայկական ատոմակայանի բանվորական ավանն է, որն ինձ համար բյուրեղացնում է Հայաստանի պատմության նորագույն շրջանի ֆենոմենները՝ սկսած խորհրդայինից մինչև այսօրերի Հայաստանը։ Այն տեղական ազգային տարրերով «համեմված» մաքուր սովետական մոդեռնիստական ծրագիր է, որը տապալվեց Խորհրդային Միության կենտրոնական ֆինանսավորման կասեցման և բնապահպանական ակտիվիստների ճնշման հետևանքով ատոմակայանի դադարեցման պատճառով։ 2007 թվականին ես բախտ ունեցա մասնակցելու քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներին, որի ժամանակ էլ բացահայտեցի այդ խամրած բյուրեղը։
Սարհատ Պետրոսյան
Անդրադարձ Մեծամորի ճարտարապետությանը
Շատ հազվադեպ է որևէ ճարտարապետի վիճակվում նախագծել թեկուզ ոչ մեծ, բայց ամբողջական քաղաք՝ սկսած գլխավոր հատակագծից և վերջացրած բնակելի, մշակութային, մարզական, կենցաղային, օժանդակ շենքերով: Այդպիսի բացառիկ դեպք է Մեծամորը՝ 1967- 1986 թթ. նախագծված Հայպետնախագիծ ինստիտուտի երրորդ արվեստանոցում, որի ղեկավարն էր ճարտարապետ Մարտին Միքայելյանը: Նրա նյութերի հիման վրա է կազմված այս անդրադարձը:
Ճարտարապետ Ս. Գուրզադյանի համոզմամբ՝ ՀԽՍՀ-ում Մ. Միքայելյանն իր սերնդի ամենաբեղուն ճարտարապետն էր, եթե նույնիսկ հաշվի չառնենք նրա տեսական, հետազոտական և դասախոսական գործունեությունը, հոդվածները, մասնակցությունը մրցույթներին և այլն: Այսուհանդերձ նրա մասնագիտական, ոճական սկզբունքայնությունն ու հետևողականությունն է ամենաուշագրավը, ինչի մի դրսևորումն էլ մոդեռնիստական ոգով ու տեղական շինարտադրական միջոցներով (այդ թվում գործարանային արտադրության տարրերով) և տեղական նյութերով իրականացված Մեծամորն է:
Հայաստանի ատոմակյանի աշխատողների համար նախագծված քաղաքի հյուսիս-հարավ թեքությամբ տեղանքը հարում է Երևան-Հոկտեմբերյան (հիմա Արմավիր) մայրուղուն և համայնապատկերում իբրև բևեռներ ունի Արարատ ու Արագած լեռները: Այս փոքրիկ քաղաքը պետք է ունենար երեք բնակելի միկրոշրջան, համաքաղաքային նշանակության շենքերով հյուսված կենտրոն, հիվանդանոցային համալիր և կոմունալ-կենցաղային շինությունների գոտի:
Կենտրոնը կազմող հասարակական շինությունները՝ մշակույթի տուն (1975-86 թթ.), հյուրանոց, կապի տուն, վարչական շենքեր (1974-77 թթ.), ագուցված են իրար՝ կազմելով բակերի փոխանցումներ: Սրանք միանում են քաղաքային զբոսայգու հետ, ուր իրար են հաջորդում վարչական, առևտրական ու մարզական գոտիները՝ հասնելով քաղաքային արհեստական լճակ: Նշված շինությունների արտահայտչականությունը բազմագույն տուֆի, արևապաշտպան անսքող երկաթբետոնե տարրերի, ապակու և կանաչապատման համադրության արդյունք է: Շինարարության որակը, ավաղ, ցածր է, ինչի կապակցությամբ բազմիցս գանգատվում էր ճարտարապետը:
Տարածքի կենտրոնական մասում ուրվագծվող բլրակի վրա՝ հասարակական կենտրոնից հյուսիս և վեր, դրա առանցքով նախատեսվում էր ջրաճնշիչ աշտարակ՝ դիտահարթակներով ու ատոմային էներգետիկային նվիրված թանգարանով:
Այս կենտրոնական առանցքին ուղղահայաց՝ արևելք-արևմուտք երկու ուղղությամբ նախատեսվում էին երկու հերթով կառուցվելիք երկու բնակելի միկրոշրջաններ: Արևմտյան երկու միկրոշրջանները կառուցված են ճարտարապետի նախօրոք նախագծած բնակելի շենքերի ընդամենը չորս տիպերով, որոնք, արևի նկատմամբ հստակ կողմնորոշմամբ, յուրաքանչյուր միկրոշրջանում միահյուսվելով, կազմում են իրար մեջ բացվող ձգված բակերի շղթաներ՝ շրջանակելով յուրաքանչյուր միկրոշրջանի շատ ավելի ընդարձակ ներքին բաց տարածքը, որտեղ դպրոց ու մանկապարտեզ են տեղակայված: Հինգհարկանի բնակելի կառուցապատման պարագծերի հանգուցային տեղերը շեշտված են իննհարկանի սեկցիաներով, որոնց շուրջն են տեղավորված սպասարկող բլոկները`ապահովելով հասանելիության հավասար պայմաններ թաղամասերի համար: Շինությունների տեղադրությունն ազատ է ճանապարհների նկատմամբ, ըստ այդմ էլ չունի որևէ ճակատի գերակայություն, որի աննախադեպ լինելը տվյալ երկրում շեշտում է հեղինակը (1967 թ.): Երկրորդ հերթին կառուցվելիք նմանատիպ միկրոշրջանում նախատեսվում էին նույն հեղինակի մշակած առնվազն ևս երկու տիպի լոջիա-նախասրահ ունեցող բնակելի շենքեր, որոնցից մեկը՝ բարձրահարկ:
Խորհրդային համակարգի փլուզման պայմաններում քաղաքի շինարարությունը չամբողջացավ: Փաստորեն կառուցվեցին ու շահագործվեցին միայն առաջին միկրոշրջանը և կենտրոնի հիմնական շենքերը: Երկրորդը հեղինակը հասցրեց վերահատակագծել ԽՍՀՄ փլզումից հետո՝ տրոհելով այն մասնավոր տների շինարարության հողաբաժանումների: Եղած շենքերն ի սկզբանե համատարած ինքնագործ միջամտությունների ենթարկվեցին բնակիչների կողմից: Հետագայում կատարվեցին փոքրածավալ կառուցումներ՝ հիմնականում ոչ ըստ վերը նկարագրված նախագծի, մասնավորապես՝ սպասարկող միավորներ միկրոշրջանի ներքին կանաչ տարածքի հաշվին: Կենտրոնի համալիրի մեջ նշված թանգարանի փոխարեն կառուցվեց փոքր եկեղեցի:
Միսակ Խոստիկյանը ուրբանլաբ Երևանի կողմից իրականացվող «Վերանայելով Մեծամորը» (ReThink Metsamor) նախագծի աշխատանքային խմբի անդամ է եւ նախկինում համագործակցել է ճարտարապետ Մարտին Միքայելյանի հետ։ Ծրագիրը ֆինանսավորում է «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը։
Տեքստը`
Միսակ Խոստիկյան
ճարտարապետ, արվեստի քննադատ
Լուսանկարները`
Կատարինա Ռոթերս
նկարիչ