Ներածական
Անկախ կենսապատկեր
Անկախությունը հնարավորություն է, միաժամանակ՝ մարտահրավեր։ Այն արտացոլվում է հանրային կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում, նրա տարածական շոշափելի դրսևորումներից մեկը կենսապատկերային “ոտնահետքն” է։ Քառորդ դարը բավական խորհրդանշական ժամանակահատված է հասկանալու համար հետխորհրդային անկախ Հայաստանի “ոտնահետքի” ուղին և մատնանշելու սպասելիքները:
2016 թվականի Վենետիկի ճարտարապետական 15-րդ բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի բացումով կմեկնարկեն անկախ Հայաստանի կենսապատկերի քարտեզագրման յուրօրինակ լաբորատորիայի աշխատանքները, որոնք կամփոփվեն տաղավարի փակմամբ՝ առանցքում ունենալով Հայաստանի անկախության շրջանի (1991-2016) տարածական փոխակերպումների և դրանց տարատեսակ դրսևորումների ուսումնասիրման և վերընթերցման մտորումները։
Տաղավարում ներկայացված թեմատիկ ուսումնասիրությունների ընթացիկ արդյունքները վերաբեռնվելու են www.independentlandscape.am կայքում, որն անմիջապես արտացոլվելու է տաղավարի էկրաններին՝ կարևորելով հընթացս կատարվող աշխատանքներն ու գործընթացը, ինչպես և վերջնական արդյունքները։
Դրանց դասակարգումն ու ներկայացումը մեկ անգամ ևս արժևորելու է անցումային փուլի այս կամ իրավիճակի առարկայական և համաժամանակյա հետազոտությունների իրականացումը՝ հակադրվելով խնդիրների քննությանը հիմնականում պատմականության համատեքստում։ Դա հատկապես անհրաժեշտություն է դառնում, երբ հաշվի է առնվում այն փաստը, որ խորհրդային շրջանում ճարտարապետական տեսական միտքը հիմնականում ուսումնասիրում էր պատմություն դարձած ժամանակաշրջանները՝ բաց թողնելով արդի ժամանակաշրջանի մեկնություններն ու հետազոտությունները։
Այս տաղավարը գալիս է ապացուցելու, որ հենց այսօր, ամեն օր Հայաստանում ստեղծվում են նյութական արժեքներ, որոնք փոխում են կենսապատկերը՝ հավակնելով վերածվելու մշակութային արժեքի և արժանանալու հասարակության կամ պետության հոգածությանը։
Այսօր ավելի, քան երբևէ, հայաստանյան հանրային մակարդակում քննարկվում են անկախության շրջանի քաղաքային զարգացման մի շարք խոշոր նախագծեր (հիմնականում իրականացված մայրաքաղաք Երևանի կենտրոնում), և դրանց տրամաբանական հետևանքները։
Վերարժևորելով այս ամենը՝ առաջարկում ենք միանգամայն նոր բնույթի խոսակցություն սկսել, որը միտված կլինի “ժառանգածը ժառանգելը” վերաձևակերպելու “հասկանալով ժառանգածը` ժառանգել հասկացածը”:
Սարհատ Պետրոսյան
Համադրող

Երևանի քաղաքային հարթությունները, Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանը շրջապատված հետանկախության կառուցապատմամբ

Լքված հյուրանոց, կառուցված վաղ 90-ականներին, օգտագործելով տանիքի թիթեղյա նյութերը (որոնք հաճախ օգտագործվում էին հետերկրաշարժային վերակառուցումներիում) համադրված ավանդական փայտե պատշգմաբի հետ, Շիրակի մարզ, 2016 թ.

Առաջին հարկում գտնվող բնակելի տուն Երևանի կենտրոնում, որը դեռևս չի վերածվել առևտրային տարածքի, 2015 թ.

Պուշկինի 28 հասցեում գտնվող ատմական շինության "ապամոնտաժում", Երևան, 2005 թ.

Հյուսիսաին պողոտայի մանրամասն, կառուցվել է 2000-ականներին, Երևան, 2015 թ.

Բնակելի թաղամաս Նորաշեն (16-րդ թաղամաս) և նորակառույց առանձնատնային կառույցներ, Երևան, 2015 թ.

Առանձնատնային թաղամաս, կառուցված 2000-ականներին, Երևանի հյուսիսում գտնվող արվարձանում, 2014

Առանձնատնային թաղամաս, կառուցված 2000-ականներին, Երևանի հյուսիս արևմտյան արվարձանում, 2015

Նախկին համայնքապետարան (վերևում) և խանութ Ծափաթաղ գյուղի կենտրոնական հատվածում, Գեղարքունիքի մարզ, 2015

Կցակառույցներ Գյումրիի Անի թաղամասում (ձախ), Գորիսի պատմական կենտրոնում, 2015 թ.

Բազմաբնակարան շենքի բնական գազի հաշվիչներ, տեղադրված 2000-ականներին, Գորիս քաղաք, Սյունիքի մարզ, 2016 թ.

Ժամանակավոր կեղծ ճակատ 19-րդ դարին թվագրվող պատմական շինության համար Երևանի կենտրոնում, իրականացված Ֆրանսուա Օլանդի պաշտոնական այցի ժամանակ, 2014 թ.