Այցելելով հետերկրաշարժային Գյումրի
Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, մայրաքաղաք Երևանից 122 կմ դեպի հյուսիս, հարևան Թուրքիայի սահմանին:
Ինչպես նկատում են մասնագետները, ի տարբերություն Հայաստանի մնացած բնակավայրերի Գյումրին ունի հարուստ ճարտարապետական, քաղաքաշինական ժառանգություն, որը միասնական է և անխաթար վիճակում (այդպիսի մյուս քաղաքը Գորիսն է): Այդ հարուստ ժառանգությունը հիմնականում վերաբերում է 19-րդ դարում կառուցված քաղաքին:
1980-ականներին մշակված Գյումրիի գլխավոր հատակագծով քաղաքը պետք է զարգանար ոչ թե նրան հարող սևահողերի վրա այլ քաղաքից դուրս փոքր քաղաք արբանյակներով, իսկ հին քաղաքը՝ կենտրոնն էլ կառավարության որոշմամբ պետք է դառնար Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարան: Սակայն երկրաշարժը ավերեց Գյումրիի հեռանկարային զարգացման նախագիծը:
1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը ամենածանր հարվածը հասցրեց Գյումրիին, 24 հազար զոհերից 17 հազարը Գյումրիում եղավ, քաղաքում ավերվեց 526 շենք` կրթօջախներ, գործարաններ, բնակելի շենքեր և այլն: 27 հազար ընտանիք մնաց անօթևան: Փլուզվեցին հիմնականում 80-ականներին կառուցված շենքերը, իսկ հին քաղաքը մնաց կանգուն և այսօրվա հաշվարկներով 1100 հուշարձան շենք է պահպանվել Գյումրիում:
ԽՍՀՄ-ը հայտարարեց, թե աղետի գոտին 3 տարում կվերականգնվի, որից գայթակղված Հայաստանի ղեկավարությունը արհեստականորեն մեծացրեց աղետի գոտու սահմանները և ծավալները. քանդելով վնասված, բայց դեռ շահագործման համար պիտանի շենքերը: Ավերված թաղամասերը հրաժարվեցին վերականգնել, քանի որ այդ տարածքներում գոյացան անտուն մնացածների ժամանակավոր կացարանները (ժամանակին 64 տնակային թաղամաս կար):
Գյումրիի արդեն պատրաստ գլխավոր հատակագիծը մի կողմ դրվեց և մշակվեց այդ հայեցակարգի ճիշտ հակառակը՝ որոշվեց, որ նոր թաղամասերը կառուցվեն ոչ թե սեյսմակայուն ժայռային գրունտ ունեցող Բենիամինում (հարավ արևելքում), այլ քաղաքին կից Մարմարաշենի վարելահողերի վրա (հյուսիս արևմուտք), որտեղ գրունտը նույն այն կավայինն է և ուր հոսում են ստորգետնյա ջրեր:
Մոտ 400 հեկտար տարածքում Մարմարաշենի վարելահողերը հանեցին - տարան, տեղը կառուցեցին երկու թաղմաս Անին և Ավստրիականը՝ առանձնատներով թաղամասը: Սովետի փլուզումից հետո 1991-ին շինարարները հեռացան և հանած հողերի տեղը մնացին փորված հիմքեր ու կիսատ մնացած կառույցներ:
Խորհրդային շինարարները Գյումրիում թողեցին հսկայական չափով շինարարական տեխնիկա` միայն 427 հատ վերամբարձ կռունկ, 44 բետոնամշակող մեքենա և այլն: Նոր իշխանությունները որևէ նոր ծրագիր չմշակեցին և թույլ տվեցին, որ ամբողջ շինանյութը և տեխնիկան թալանվի:
Արդեն 2000-ականներին Անիի մոտ ևս մի թաղամաս կառուցվեց՝ Մուշ երկուսը: Սակայն դեռևս մոտ 200 հեկտար տարածքում ցրված են 1990-ականներից մնացած կիսակառույց շենքերը: Ժամանակին անօթևաններին տեղավորելու համար բնակավայրերից հեռու այդ կիսակառույց կղզյակներից մի քանիսի շինարարությունը ավարտել են:
Այդպիսի մի կղզյակ է 1997-ից բնակեցված չորս հարկանի երեք շենքերից բաղկացած Շիրակացի թաղամասը, որտեղից մոտակա դպրոցն ու խանութը մոտ մի կմ հեռավորության վրա են: Շենքերի հասցեներն են՝ 67, 68, 69-ը: Ո՞րն է 66-րդը: Բնակիչները ցույց են տալիս բակը շրջափակող կիսակառույց մի շենք, որը նրանք պաշտպանում են թալանչիներից. «Մենք ենք պահում, որ չքանդեն ու էրեխեքի վրա հանկարծ բետոնի կտոր չընկնի»-ասում է բնակիչ 25-ամյա Սամվել Պասկևիչյանը:
Մյուս կիսակառույց շենքերը կարծես կռծած լինեն. Աղքատ մարդիկ մուրճերով քանդում են բետոնը և ներսի մետաղը հանում-վաճառում:
Երեք շենքում 10-12 ընտանիք է բնակվում, մյուսները դռները փակել գնացել են, իսկ բնակվողներն էլ զղջացել են, որ իրենց ժամանակավոր կացարանները թողել, նոր բնակարան են ստացել:
Մինչև 2000-ականներ Գյումրիում դեռևս 17 հազար ժամանակավոր կացարանի բնակիչ կար, այսօր 2700 ընտանիք է մնացել: Մինչ երկրաշարժը Գյումրիում բնակվում էր 260 հազար մարդ, վերջին մարդահամարով քաղաքը 118 հազար բնակիչ ունի: Բնակչության նվազման հետ նվազում էր նաև ծնունդների քանակը, և մի պահ 2001-ին ավելի շատ մարդ էր մեռնում, քան ծնվում էր:
Տեքստը`
Վահան Իշխանյան
հետաքննող լրագրող
Լուսանկարները`
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրի աշխատարանի սաների
աշխատարանավար Կատարինա Ռոթերս
Առաջիկա ամիսների ընթացքում հետ երկրաշարժային Գյումրու ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատարանի սաները լուսանկարելու են են հետ երկրաշարժային Գյումրին։
Մուշ 1 թաղամաս` կառուցված 1980-ականների վերջին երկրաշարժին հաջորդած տարիներին, Գյումրի, 2016 թ.
Մուշ 1 թաղամասի կիսավեր շենքերը, հետին պլանում 2008-2014 թվականներին կառուցված Մուշ 2 թաղամաս, Գյումրի, 2016 թ.
Մուշ 1 թաղամաս` կառուցված 1980-ականների վերջին երկրաշարժին հաջորդած տարիներին, Գյումրի, 2016 թ.
Մուշ 1 թաղամաս` կառուցված 1980-ականների վերջին երկրաշարժին հաջորդած տարիներին, Գյումրի, 2016 թ.
Մուշ 1 թաղամաս` կառուցված 1980-ականների վերջին երկրաշարժին հաջորդած տարիներին, Գյումրի, 2016 թ.
Մուշ 1 թաղամաս` կառուցված 1980-ականների վերջին երկրաշարժին հաջորդած տարիներին, Գյումրի, 2016 թ.
Մուշ 1 թաղամաս` կառուցված 1980-ականների վերջին երկրաշարժին հաջորդած տարիներին, Գյումրի, 2016 թ.
Մուշ 1 թաղամաս` կառուցված 1980-ականների վերջին երկրաշարժին հաջորդած տարիներին, Գյումրի, 2016 թ.
Մուշ 1 թաղամաս` կառուցված 1980-ականների վերջին երկրաշարժին հաջորդած տարիներին, Գյումրի, 2016 թ.
Մուշ 1 թաղամաս` կառուցված 1980-ականների վերջին երկրաշարժին հաջորդած տարիներին, Գյումրի, 2016 թ.
Մանկական խաղահրապարակ Մուշ 1 թաղամասում`կառուցվել է 2000-ականներին, Գյումրի, 2016 թ.
Անի թաղամաս`կառուցված 1980-ականների վերջին երկրաշարժին հաջորդած տարիներին, Գյումրի, 2016 թ.
Անի թաղամաս` կառուցված 1980-ականների վերջին երկրաշարժին հաջորդած տարիներին, Գյումրի, 2016 թ.
Ճարտարապետական մանրամասն, Անի թաղամաս կառուցված 1980-ականների վերջին երկրաշարժին հաջորդած տարիներին, Գյումրի, 2016 թ.