Ժողովրդական հրապարակ
1990 թվականին անկախության շեմին գտնվող Հայաստանում ազգագրագետ Լևոն Աբրահամյանը Հայաստանի թատերական գործիչների միության «Բեմ» ամսագրում հրատարակեց «Ծեսը, նախաթատրոնը և թատերական հրապարակը» հոդվածը, որում օգտագործվել էին լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի լուսանկարները։ Այսօր՝ քառորդ դար անց, նրանք այդ հրապարակումը վերընթերցելու հնարավորություն են ընձեռում:
Թատերական հարապարակից` Ազատության հրապարակ
Երբեմն ճարտարապետն արարչի նման հղանում է ինչ-որ արտասովոր կառույց, սակայն հաճախ նրա հետևորդները, խմբագիրները կամ նույնիսկ նրանք, որոնց համար է նախատեսվել այդ կառույցը, դա համարում են ուտոպիական և ձևափոխում սկզբնական նախագիծը: Բայց երբեմն ճարտարապետի գաղափարները հանկարծ կյանքի են կոչվում, և կառույցները սկսում են ուրիշ կերպ խաղալ այն նույն դերը, որը ճարտարապետը ժամանակին նախատեսել էր դրանց համար: Այդպես պատահեց Ալեքսանդր Թամանյանի ամենանշանավոր ստեղծագործության` Օպերայի և բալետի թատրոնի հետ:
Առհասարակ Օպերայի և բալետի թատրոնը Թամանյանի ամենաառեղծվածային շինությունն է: Այն մարմնավորում է ճարտարապետի պատկերացումները տարածքի և դրա պատմամշակութային արմատների միստիկ աղերսների մասին: Թամանյանը համոզված էր, որ այնտեղ, որտեղ ինքը մտադիր է իրագործել իր վիթխարի հղացումը, ժամանակին գործել է երգի և սիրո հեթանոսական տաճար, չնայած մինչ օրս դա հաստատող որևէ հավաստի վկայություն չկա: Համոզմունքը, ըստ երևույթին, այնքան ուժեղ էր, որ նա քանդում է այդ վայրում միջնադարյան արմատներ ունեցող Գեթսեմանի մատուռը: Սակայն Թամանյանը հակակրոնական նպատակ չէր հետապնդում: Նրա նպատակն էր հավանաբար նոր` խորհրդային երգի ու պարի տաճար կառուցել ճիշտ և ճիշտ ենթադրյալ հեթանոսական նախատիպ տաճարի տեղում:
Օպերայի և բալետի թատրոնի շենքը նաև մի պերճախոս օրինակ է, որ ցույց է տալիս, թե ինչպես նույնիսկ մեծ ճարտարապետը չի կարողացել խուսափել 1930-ականների խորհրդային ամբողջատիրական ճարտարապետական միտումների գայթակղությունից: Հեթանոսական երգի և սիրո տաճարի նորովի արտահայտումը նա տեսնում էր Ժողովրդական տան` Ժողտան կերպարով, որի աշխատանքային նախագծերի բոլոր տարբերակները ենթադրում էին տոնական հանդիսությունների մասնակիցների և հանդիսատեսի միախառնում: Արխայիկ տոնի այդ կարևոր հատկանիշը հավանաբար Թամանյանի 1926 թ. սկսած Ժողովրդական տան (Ժողտուն) նախագծերը կապեց 1931 թվականին Մոսկվայում նախաձեռնված Խորհուրդների պալատի կառուցման վիթխարի ծրագրի հետ: Ժողտունն իր վերջին` 1934 թվականի նախագծում ձեռք է բերում Խորհուրդների պալատի արտաքին հատկանիշները` ընդհուպ մինչև շենքը պսակող Լենինի հսկա արձանը: Սրան հետևում է մեկ ուրիշ փուլ Թամանյանի շենքի ճակատագրում՝ արդեն առանց ճարտարապետի: Այս փուլն էլ ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է խմբագրի առկայությունը նույնիսկ մեծ ճարտարապետների ստեղծագործությունների պարագայում: Թամանյանի մահից հետո Օպերայի և բալետի շենքն ավարտին է հասցնում նրա որդին` Գևորգ Թամանյանը, որի «խմբագրումը»` բաց դահլիճի փոխարեն ներկայիս ֆիլհարմոնիայի սիմետրիկ հատվածի կառուցումը, զրկում է շենքը ժողովրդական թափանցելիությունից, բայց և փրկում է այն ամբողջատիրական ճարտարապետության գերությունից։
Որդու խմբագրումը կոնստրուկտիվ առումով զրկեց շենքը հոր նախատեսած տոնականությունից, սակայն Թամանյանի մտահղացումը, այնուամենայնիվ, իրականացավ, ճիշտ է` լրիվ այլ ձևով: Դա տեղի ունեցավ 1988-ին, երբ Օպերայի և բալետի թատրոնի հրապարակում ծավալվում էին իրար հետևող զանգվածային հանրահավաքներ, որոնք, լինելով բովանդակությամբ քաղաքական, կառուցվածքային և տիպաբանական առումներով փաստորեն արխայիկ տոն էին, որը համահունչ էր ճարտարապետի պատկերացրած ժողովրդական տոնին: Նույնիսկ հրապարակի ճարտարապետական պլանի` մինչ այդ լայնորեն չկիրառվող «Թատերական» անվանումը համադրելի էր արխայիկ տոնի թատերայնության կարևոր հատկանիշի հետ: Թամանյանի կանխատեսած (միգուցե` նախագծա՞ծ) արխայիկ տոնը այսօրվա հրապարակում հարատևեց ինն ամիս՝ 1988 թվականի փետրվարի վերջից մինչև նոյեմբերի վերջը: Այդ ընթացքում հրապարակում գործում էր յուրահատուկ կառնավալային քաղաքացիական հասարակություն, որին այսօր կարոտով են հիշում դրա մասնակիցները: Վերջին երկու տասնամյակների ընթացքում հրապարակը շրջափակվեց կառույցներով, որոնք արդեն ոչ թե խմբագրում են Թամանյանի ստեղծածը, այլ սպառնում են անվերադարձ զրկել քաղաքը ճարտարապետի տեսլականից: Սակայն այսօր էլ դժվար պահերին ժողովուրդը հավաքվում է Թամանյանի նախագծած Թատերական հրապարակում, որն ստացավ «Ազատության հրապարակ» անվանումը, որպեսզի տոնական ամենաթողությունը դառնա իսկական ազատություն, իսկ տարիներ առաջ այստեղ կայացած կառնավալային քաղաքացիական հասարակությունը՝ իրական քաղաքացիական:
Տեքստը՝
Լևոն Աբրահամյան
ազգագրագետ
Լուսանկարները՝
Զավեն Խաչիկյան
լուսանկարիչ վավերագրող
Զավեն Խաչիկյանն առաջիկա վեց ամիսների ընթացքում կլուսանկարի Ազատության հրապարակի քաղաքային և գիշերային անցուդարձը։
Ղարաբաղյան շարժման ցույց, Ազատության (նախկին Թատերական) հրապարակ, Երևան, հունիս 1988 թ.
Ղարաբաղյան շարժման ցույց, Ազատության (նախկին Թատերական) հրապարակ, Երևան, հունիս 1988 թ.
Ղարաբաղյան շարժման ցույց, Ազատության (նախկին Թատերական) հրապարակ, Երևան, 1 մայիս 1988 թ.
Ղարաբաղյան շարժման ցույց, Ազատության (նախկին Թատերական) հրապարակ, Երևան, հոկտեմբեր 1988 թ.
Օճառե պղպջակներ Ազատության (նախկին Թատերական) հրապարակում, Երևան, ամառ 2016թ.
Ղարաբաղյան շարժման ցույցերի կազմակերպչական սեղան նախկին սրճարանի տարածքում, Ազատության (նախկին Թատերական) հրապարակ, Երևան, մայիս 1988 թ.
Ղարաբաղյան շարժման ցույցերի կազմակերպչական շտաբ նախկին սրճարանի տարածքում, Ազատության (նախկին Թատերական) հրապարակ, Երևան, մայիս 1988 թ.
Հայտարարությունների պատ, Ազատության (նախկին Թատերական) հրապարակ, Երևան, սեպտեմբեր 1988 թ.
Քայլող գովազդ Ազատության (նախկին Թատերական) հրապարակում, Երևան, ամառ 2016թ.
Ղարաբաղյան շարժման ցույցերի ընթացքում ստորագրահավաք Օպերայի և բալետի թատրոնի աստիճաններին, Ազատության (նախկին Թատերական) հրապարակ, Երևան, մայիս 1988 թ.
Ղարաբաղյան շարժման ցույց, Ազատության (նախկին Թատերական) հրապարակ, Երևան, մայիս 1988 թ.
Ղարաբաղյան շարժմանը չսատարած պատգամավորի դատապարտող հայտարարություն, Ազատության (նախկին Թատերական) հրապարակ, Երևան, սեպտեմբեր 1988 թ.
Մանկական ժամանցային խաղահրապարակ Ազատության (նախկին Թատերական) հրապարակում, Երևան, ամառ 2016թ.
Մանկական ժամանցային խաղահրապարակ Ազատության (նախկին Թատերական) հրապարակում, Երևան, ամառ 2016թ.
Մանկական ժամանցային խաղահրապարակ Ազատության (նախկին Թատերական) հրապարակում, Երևան, ամառ 2016թ.
"Սելֆի" նկարահանում Ազատության (նախկին Թատերական) հրապարակում, Երևան, ամառ 2016թ.
Սրճարանի այգեպանը հանգստանալիս, Ազատության (նախկին Թատերական) հրապարակ, Երևան, ամառ 2016թ
Պաղապաղակի համտես Ազատության (նախկին Թատերական) հրապարակում, Երևան, ամառ 2016թ.
Սրճարանի գովազդ Ազատության (նախկին Թատերական) հրապարակում, Երևան, ամառ 2016թ.
Մանկական ժամանցային խաղահրապարակ Ազատության (նախկին Թատերական) հրապարակում, Երևան, ամառ 2016թ.