Անցկացման վայր
Վենետիկի Սուրբ Խաչ հայոց եկեղեցին հայ համայնքի ազգային եկեղեցին է, որը գտնվում է Կալլե դեի Արմենիում, թարգմանաբար՝ Հայոց նրբանցք։ Եկեղեցին ամբողջովին միաձուլված է քաղաքի հյուսվածքին, նրբանցքի մաս կազմող դալանաձև մուտքով, որը տանում է ընդհանուր մի սրահ՝ առանձին մուտքերով դեպի եկեղեցի և հյուրատուն։
Հայերի փաստացի ներկայությունը Վենետիկում հին պատմություն ունի՝ թվագրվելով գրեթե քաղաքի ծագման ժամանակաշրջանին։ 12-րդ դարում Վենետիկում հայերի ներկայությունն ամրապնդվեց, քանի որ քաղաքը հանդիսանում էր Եվրոպայի հետ առևտրի գլխավոր նավահանգիստը։ Հայկական համայնքը, առավելապես բաղկացած առևտրականներից, դարձավ Վենետիկի հանրապետության ամենահարուստ և գործուն օտար համայնքներից մեկը։
1253 թվականին վենետիկցի ազնվական Մարկո Ձիանին Սան Ձուլիան թաղամասում իրեն պատկանող տունը կտակում է տեղի հայերին, որպեսզի այն վերջիններիս ծառայի որպես իջևանատուն։ Նա լիազորում է սեփականության կառավարումը Սան Մարկո դե Չիտրայի դատախազներին՝ այսպիսով երաշխավորելով, որ սեփականության կառավարումը կլինի Վենետիկի ամենակարևոր հանրային մարմիններրից մեկի ձեռքում։
1496 թվականին հայ համայնքին թույլատրվեց եկեղեցու ներսում Սուրբ Խաչին նվիրված խորան և մատուռ կանգնեցնել։ Ինչպես նշում է հայ ճանապարհորդ Սիմեոն Լեհացին, որը 1608-1618 թվականներին շրջագայել է միջերկրածովյան երկրներով, հայակական իջևանատունն ու Սուրբ Խաչ եկեղեցին դարեր շարունակ եղել են Վենետիկում հայ համայնքի սիրտը։ Եկեղեցու նկարագրությունում Սիմեոն Լեհացին նշում է, որ կառույցը ներառում է նաև հյուրերի համար սենյակներ, սեղանատուն և վանականների խցեր։
1682 թվականին Միրման ազդեցիկ ընտանիքից մի հարուստ վաճառականի թույլատրվեց մեծացնել մատուռը՝ դարձնելով այն մեծ եկեղեցի՝ օժանդակ փոքր զանգակատնով։ Եկեղեցին հիմնովին վերակառուցվեց ճարտարապետ Անտոնիո Պաստորիի կողմից և իր դռները բացեց համայնքի անդամների առաջ 1688 թվականին։
1740 թվականին սեփականության կառավարումը վստահվեց Վենետիկի ծովածոցի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության հայ վանականներին։
Եկեղեցին ունի երեք խորան՝ երեքն էլ նկարազարդված վենետիկյան բարոկկոյի նկարիչների կողմից։ Կենտրոնական խորանը նվիրված է Սուրբ Խաչին (նկարիչ՝ Անդրեա Չելեստի), աջակողմյան խորանը՝ հայ եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորչին (նկարիչ՝ Գրեգորիո Լացարինի), իսկ ձախ կողմի խորանին Աստվածամոր Վերափոխման տեսարանն է (նկարիչ՝ Անդրեա Չելեստի)։ Առաստաղը զարդարող ավետարանիչների և տերունական պատկերների շարքը վերագրվում է Ալբերտո Կալվետիին։
Վենետիկի Սուրբ Խաչ եկեղեցում են ամփոփվում բազմաթիվ նշանավոր բարերարների և հոգևորականների աճյունները։ Միրմանի շիրմաքարի վրա մի արձանագրություն կա․“Ապրեց ինչպես առյուծ, մեռավ ինչպես կարապ և վեր կհառնի իբրև փյունիկ”։